Հունվարի 3-ին Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ծննդյան 45-րդ տարեդարձն է: Այդ կապակցությամբ «Ֆերարին» Գրենոբլի հիվանդանոցի մոտ կկազմակերպի հատուկ միջոցառում՝ ի աջակցություն կոմայի մեջ գտնվող նախկին ավտոարշավորդի: «Սկուդերիան», որի կազմում Շումախերը հանդես է եկել 11 տարի եւ նվաճել է հինգ տիտղոս, կոչ է արել բոլորին աջակցել լեգենդար մարզիկին:
Համալսարանական հոսպիտալի մոտ կայանալիք լուռ եւ խաղաղ միջոցառմանը բոլորը կլինեն կարմիր հագուստով՝ ի պատիվ «Կարմիր բարոնի»:
Հիշեցնենք, որ Շումախերի վիճակը մնում է կայուն ծանր: Նրա հարազատներից մեկը հայտնել է, որ բժիշկները մասնավոր զրույցներում իրենց տրամադրում են, որ Շումախերը դժվար թե դուրս գա կոմայից: Չի բացառվում, որ այդ վիճակում նա մնա ընդմիշտ: Գլխուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածքի պատճառով առաջացած արյունազեղումից հետո Շումախերը կոմայի մեջ է:
Շումախերի մենեջեր Սաբին Կեհմը հայտնել է, որ ոչ մի փոփոխություն չի նկատվում: Բժիշկները նշում են, որ այս կարգի վնասվածքներից հետո հիվանդների միայն 1/3-րդն է վերադառնում բնականոն կյանքի:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ժայռին գլխով բախվելու հետեւանքով Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնը ստացել է ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք, արյունազեղում: Ուղղաթիռով Գրենոբլի հիվանդանոց տեղափոխելուց հետո Շումախերը վիրահատվել է, հեռացվել է ուղեղի հեմատոման եւ կարգավորվել է ներգանգային ճնշումը: Սակայն Գրենոբլում կայացած մամուլի ասուլիսում վիրահատություն կատարած բժիշկները զերծ են մնացել կանխատեսումներ անելուց՝ նշելով, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է արձագանքում նման ծանր վնասվածքին եւ ասել, թե ինչ արդյունք կտա վիրահատությունը հնարավոր չէ: աղբյուրը sport.news.am
|