Երևան: Մեդիամաքս: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ Երեւանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել է լուրջ թերացումներով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, օմբուդսմենն այսօր հայտարարել է, որ Երեւան քաղաքի ավագանու որոշումները ավտոտրանսպորտային կայանատեղու համար տուրքի վճարման ընթացքում վարորդի համար առաջացրել են ավելորդ, չհիմնավորված դժվարություններ եւ անհարմարություններ:
«Մասնավորապես, օրենքը նախատեսում է, որ տուրքի վճարման պարտավորությունը ծագում է ավտոմեքենան կայանելու պահից, սակայն Երեւանի ավագանու որոշմամբ տուրքի վճարման հստակ վերջնաժամկետ սահմանված չէ: Առկա պայմաններում մնում է կռահել, որ եթե անվճար կայանել կարելի է միայն 5 րոպե, ապա անձը պարտավոր է կատարել տուրքի վճարումը հենց 5 րոպեի ընթացքում: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, երբ, օրինակ, մայրաքաղաքին անծանոթ մարդը մեքենան կայանելուց հետո 5 րոպեի ընթացքում պետք է տեղեկատվական վահանակի միջոցով տեղեկանա տուրք վճարելու իր պարտականության մասին, նույն այդ ժամանակահատվածում կարողանա մոտակայքում գտնել վճարային որեւէ կազմակերպություն կամ սարքավորում եւ կատարել տուրքի վճարումը, իսկ 5 րոպեն թեկուզ մեկ րոպեով գերազանցվելու դեպքում կտուգանվի 5.000 ՀՀ դրամի չափով: Հետեւաբար, այսպիսի իրավիճակից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր վարորդին տալ ավելի երկար ժամանակով անվճար կայանելու հնարավորություն»,- ասված է Կարեն Անդրեասյանի հայտարարության մեջ:
Օմբուդսմենը նաեւ շեշտել է, որ կազմակերպական առումով լուրջ բացթողում էր նաեւ տուրքի համակարգի մասին անբավարար հանրային իրազեկումը, ինչի ապացույց էին վարորդների բազմաթիվ անպատասխան հարցերը տուրքի վճարման, անդորրագրերի ստացման կարգի վերաբերյալ:
«Բազմիցս նշել ենք յուրաքանչյուր այսպիսի դեպքում հանրային քննարկումների կարեւորության մասին: Դրանք չպետք է լինեն ձեւական եւ ինքնանպատակ, քանի որ դրանց բացակայությունը իրավական ակտերը դարձնում է գործնականում անկիրառելի կամ հանգեցնում անձանց իրավունքների եւ օրինական շահերի խախտմանը»,- նշել է օմբուդսմենը:
աղբյուրը auto.am
|