Մի քանի օր առաջ ավտոսպորտի աշխարհում գրանցվել է հերթական մահացու վթարը: Բրիտանացի ավտովարորդ, 26-ամյա Շոն Էդվարդսը մահացել է Ավստրալիայում Porsche 996-ի ղեկին մասնավոր թեստերի ժամանակ: Հետաքրքիր է, որ ղեկին ինքը չի եղել, այլ ավտրալացի 20-ամյա մի ավտոարշավորդ, որի անունը չի հրապարակվում: Էդվարդսը Porsche սուպերգավաթի այս տարվա մրցաշարի առաջատարն էր: Հոկտեմբերի 11-ին, Շոնի մահից երկու օր առաջ, իսպանական Սեւիլյա քաղաքի հյուրանոցներից մեկում ուղեղի արյունազեղումից մահացավ Ֆորմուլա 1-ի թիմերից մեկի՝ Marussia F1 Team-ի թեստ-արշավորդներից մեկը՝ Մարիա դե Վիլյոտան:
Մահը ավտոսպորտում մոտավորապես նման է փորձարկվող ականի վրա պայթելուն: Նույնիսկ եթե հյուրանոցում ես մահանում: Մարիայի մահն այդ դեպքերից է: Անցյալ տարվա հուլիսի 3-ի առավոտյան Դակսդորֆ քաղաքի օդանավակայանի ուղիղ երթուղու վրա (Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի կանոնագրքով թույլատրվում են միայն միջսեզոնային այսպիսի փորձարկումները, պայմանով, որ դրանց գործող ավտոարշավորդները չեն մասնակցի) նա փորձարկում էր Marussia F1 Team-ի նոր բոլիդը: Երթուղու վերջում բոլիդը բախվում է բեռնատարին: Թվում է, թե պատճառն արագությունն է: Օդանավ նստածները կպատկերացնեն, թե ինչ արագություն է հնարավոր զարգացնել օդանավակայանների թռիչքուղիների վրա: Բայց՝ ոչ: Վկաներն ասում են, որ Մարիայի բոլիդն ընթանում էր 55-60 կմ/ժամ արագությամբ: Այնուամենայնիվ, վնասվածքները շատ են լինում: Մարիային բոլիդից հանում են կես ժամվա ընթացքում եւ գլխի բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխում հիվանդանոց: Հաջորդ օրը Marussia F1 Team-ի Ջոն Բուտը հայտարարում է, որ Մարիան կորցրել է աջ աչքը եւ նրա վիճակը ծանր է: Ֆորմուլա 1-ի մասին աղջիկը կարող է մոռանալ: 23 օր հետո Մարիան դուրս է գրվում Էդինբուրգի հիվանդանոցից: Այս տարվա հոկտեմբերի 11-ին աղջիկը Սեւիլիա էր ժամանել ներկայացնելու իր «Կյանքը պարգեւ է» գիրքը:
1955-ին ֆրանսիական Լե Ման քաղաքում տեղի է ունենում ավտոսպորտի պատմության մեջ ամենախոշոր եւ արյունալի ավտովթարը: Ֆրանսիացի Պիեռ Լեվեգայի Mersedes-ը դարձյալ երթուղու վերջնագծի ուղիղ մասում բախվում է մրցակցի մեքենային եւ բառի բուն իմաստով թռնում տրիբունա: Արդյունքում՝ 86 զոհ, ներառյալ՝ արշավորդը: Mersedes-ը լքում է Լե Մանը: Վերադառնում է միայն 32 տարի հետո: Ֆորմուլա 1-ի պատմությունը եւս ունի իր ամենաարյունալի վթարը: 1961-ի սեպտեմբերի 10-ին լեգենդար Մոնցայի Մեծ խաղարկության հիմնական մրցման 2-րդ շրջանում Ferrari-ի արշավորդ կոմս Վոլֆգանգ ֆոն Տրիպսի բոլիդը դարձյալ վերջնագծի ուղիղում բախվում է բրիտանական Lotus-ին եւ «մտնում» տրիբունա: 14 զոհ: Ներառյալ՝ կոմսը: Ferrari-ի «խղճին» է նաեւ Ֆորմուլա 1-ի առաջին հիշարժան մահը: 1982-ի մայիսի 8-ին Բելգիայի Մեծ խաղարկության շաբաթօրյա որակավորման մրցումներում աշխարհի 1979 թվականի փոխչեմպիոն, կանադացի Ժիլ Վիլնյովի «Ferrari 015 B12»-ը բախվում է եւ մեկ հնչեղ ազգանունով՝ Յոխեն Մասսաի բոլիդին եւ մի քանի կայծակնային արագության պտույտ տալով փլվում ասֆալտին: Արշավորդը բոլիդից դուրս է շպրտվում: Յոխեն Մասան էժան է պրծնում: Բժիշկները 6 ժամ պայքարում են Վիլնյովի կյանքի համար: Անօգուտ: Վիլնյովի որդին՝ Ժակը, այդ ժամանակ 11 տարեկան էր: 18 տարի հետո դառնում է Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն, երբ «ձիու» վրա Միխայել Շումախերն էր: Ժակը նույնպես խոշոր վթարների մասնակից էր, 2001-ին Ավստրալիայի Գրան Պրիում նրա բոլիդի (Bar-Honda) անիվը սպանեց մրցուղու հսկիչներից մեկին:
Խորհրդանշական են Ֆորմուլա 1-ի մահերը: Վիլնյովի մահից 9 տարի առաջ, այնուամենայնիվ, Յոխեն անունով ավտոարշավորդ է մահացել: 28-ամյա ավստրիացի Յոխեն Ռինդտը նույն Մոնցայում սեպտեմբերին այս անգամ Lotus-ի ղեկին շաբաթօրյա որակավորման մարզումների ժամանակ կորցնում է բոլիդի կառավարումը եւ parabolika-ի շրջադարձին բախվում բետոնե պատնեշին: Եվ ի՞նչ: Ռինդտը մահանում է եւ մեկ ամիս հետո հռչակվում աշխարհի չեմպիոն: Միակ չեմպիոնն է Ֆորմուլա 1-ի պատմության մեջ, որ տիտղոսը նվաճել է հետմահու: Ինչպե՞ս: Պարզապես այնքան միավոր էր հավաքել, որ ոչ ոք չէր կարող հասնել հետեւից: Բրազիլացի աշխարհի եռակի չեմպիոն Այրտոն Սենան մահացավ 1994-ի մայիսի 1-ին կրկին իտալական Իմոլայի մրցուղում, աշխարհի փոխչեմպիոնի կարգավիճակով: «Կախարդ» մականունով ավտոարշավորդը Ֆորմուլա 1-ում էր ընդամենը 10 տարի, հաղթել էր 41 Գրան Պրիներում եւ 65 որակավորման մրցումներում: Իմոլայում նա մեկնարկել էր առաջին տեղից: Այդ տարի նրա բոլիդն ուժեղագունն էր շաբաթօրյա որակավորման մրցումներում, սակայն Սենային չէր հաջողվում ավարտել մրցելույթները կիրակի օրերին: Հաղթում էր Benneton-Ford-ի ծագող աստղը՝ Միխայել Շումախերը: 7-րդ շրջանում արագությամբ Սենայի 310 կմ/ժամ ընթացող բոլիդը՝ «Williams FW16»-ը Tamburello-ի շրջադարջին բախվում է բետոնե պատնեշին: Բախումից առաջ Սենային հաջողվում է փոքր-ինչ թուլացնել արագությունը՝ այն իջեցնելով 218 կմ/ժամի: Դա սակայն նրան չի փրկում: Պատճառը, ինչպես հետագայում փաստեց իտալական դատարանը, ղեկի անսարքությունն էր: Սենայի Մահը Ֆորմուլա 1-ի վերջին սեւ իրադարձությունն էր: Ֆորմուլա 1-ն այլեւս մահեր չտեսավ, փոխարենը 2007-ի հունիսի 10-ին Կանադայի Գրան Պրիի ժամանակ տեսավ Ռոբերտ Կուբիցայի սարսափելի վթարը, որը լեհ մրցարշավորդի վրա նստեց միայն մեկ Գրան Պրիի մասնակցություն, եւ երկու տարի հետո Հունգարիայում Ferrari-ի պիլոտ Ֆելիպե Մասայի վթարը, որի արդյունքում բրազիլացին բաց թողեց ամբողջ առաջնությունը: Մյուս ավտոմարզաձեւերում արշավորդների մահը, ցավոք, դեռեւս անխուսափելի է: Մասնավորապես՝ ամերիկյան ՆԱՍՔԱՐ-ում (Ջեյսոն Լեֆլեր, մահացել է այս տարվա առաջնությունում), Լե Մանում եւ այլն: Մյուս տարվանից «24 ժամ Լե Ման»-ի առաջնությունում պարտադիր է լինելու փակ նստախցիկով սպորտային ավտոմեքենաների կիրառումը: ՆԱՍՔԱՐ-ից այս իմաստով դեռ նորություն չկա: NEWS.am Sport
|