«Ռեդ Բուլլի» արշավորդ Մարկ Վեբբերը թիմակից, աշխարհի կրկնակի չեմպիոն Սեբաստիան Ֆետտելին ստվերելու ճանապարհին է: Ֆորմուլա 1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակին նա դարձավ տարվա երկրորդ արշավորդը Ֆերնանդո Ալոնսոյից հետո, որը հաղթում է երկրորդ խաղարկությունում: «Ֆերրարիի» իսպանացի արշավորդը ընդհանուր հաշվարկում դեռեւս աշխարհի առաջնության առաջատարն է, սակայն չի կարելի ասել, թե այդպիսին մնալու նրա պոտենցիալն ավելին է, քան՝ «Ռեդ Բուլլինը»:
Սիլվերսթոունի շաբաթ օրվա որակավորման մրցումներն անձրեւային էին: «Ֆերրարիի» արշավորդ Ալոնսոն երրորդ փուլում գրավեց առաջին տեղը եւ կիրակի օրն իրավունք ստացավ մեկնարկել առջեւից: Օդերեւութաբանները սպասում էին, որ հիմնական մրցման ժամանակ նույնպես անձրեւ կգա, հավանականությունը 60 տոկոս էր: Անձրեւ չեկավ, եւ հաղթանակի գլխավոր գործոնը դարձավ անվադողերի մարտավարությունը: Hard-ը (կոշտ) առավել դիմացկուն էր 52 շրջանի համար, քան Soft (փափուկ) անվադողերը: Թեպետ Soft-ով հնարավոր էր հասնել շոշափելի առավելության, սակայն այն թուլ չէր տալիս այդ առավելությունը պահպանել երկար տարածության համար: Հենց այդ սխալն էլ ճակատագրական դարձավ Ֆերնանդո Ալոնսոյին համար:
Ի տարբերություն երկրորդ տեղից մեկնարկած Մարկ Վեբբերի, նա գերադասել էր մրցուղի դուրս գալ Hard-ով: Արդյունքում, 52 շրջան ունեցող Սիվերսթոունի մրցուղու միայն առաջին 16 շրջանում Ալոնսոյին հաջողվեց Վեբբերից պոկվել 5 վարկյան, որը Ֆորմուլա 1-ում շոշափելի առավելություն չէ մեկնարկում: Ավելի ուշ Ալոնսոն կասի.
«Մեկնարկեցի այն անվադողերով, որոնք ավելի հարմար են իմ բոլիդին»: 16-րդ շրջանում կատարված առաջին պիտ-կանգառին Ալոնսոն անվադողերը փոխեց Hard-ով: Սա նրա երկրորդ սխալն էր: Քանի որ մոտակա մրցակիցը նույնպես Hard-ով վերադարձավ մրցուղի: Ալոնսոն մտադիր էր Hard-ով այնքան մնալ մրցուղում, որպեսզի երբ երկրորդ պիտ-կանգառում կանոնակարգով պարտադրված Soft անվադողեր «հագնելիս» արդեն առանց որեւէ խնդրի հատել եզրագիծը: Նա գիտեր, որ Soft-ը երկար չի դիմանում: Սակայն չգիտեր, թե քանի շրջան հետո է կորցնում իր արդյունավետությունը: Եզրագիծը հատելուց 7 շրջան առաջ Ալոնսոյի անվադողերն այլեւս ոչնչով չէին կարող օգնել «Ֆերրարիի» արշավորդին։ Նա 38-րդ շրջանում Hard-ը փոխեց բոլորովին թարմ Soft-ով, որով «հայտարարագրեց» իր դատապարտվածությունը։
43-րդ շրջանում Ալոնսոն կորցրեց Soft-ին բնորոշ արագությունը եւ շրջան առ շրջան կորցրեց կուտակած վայրկյանները։ 48-րդ շրջանում, այսինքն, եզրագիծը հատելուց 5 շրջան առաջ Ալոնսոն «առանց խնդիրների», այսինքն, առանց լուրջ դիմադրության կորցրեց առաջատարի դիրքը եւ արդյունքում բավարարվեց 2-րդ տեղով։
Անվադողային տակտիկան միակ որոշիչն էր այս պայքարում, քանի որ Սիլվերսթոունը արագընթաց մրցուղի է։ Այստեղ արգելակների վրա առանձնապես մեծ լարվածություն չի ընկնում, իսկ եղանակը հակառակ օդերեւութաբանների կանխատեսումների, այդպես էլ չհիասթափեցրեց վազանցների սիրահարներին։ Soft-ը կարող էր օգնել Ալոնսոյին, եթե նա անհրաժեշտ վայրկյանները կուտակեր հենց սկզբից։ Մինչդեռ նա հույսը դրեց «Ֆերրարիի» փիլիսոփայության վրա՝ ոչինչ կորած չէ, քանի դեռ եզրագիծը չես հատել։
Այս փիլիսոփայությունը երկու շաբաթ առաջ Ալոնսոյին պարգեւեց Վալենսիայի Մեծ մրցանակի խաղարկության հաղթողի կոչումը։ Առաջատար Սեբաստյան Ֆետտելը եւ երկրորդ տեղում ընթացող «լոտուսցի» Ռոմեն Գրոժանը Վալենսիայի մրցուղու տարբեր շրջաններում դուրս մնացին պայքարից եւ Ալոնսոն դարձավ հաղթող։ Թեպետ հանուն արդարության պետք է ասել, որ Ֆետտելի դուրս մնալուց հետո Ալոնսոն հասցրեց շրջանցել արդեն առաջատար դարձած Գրոժանին, որի շարժիչն ավելի ուշ շարքից դուրս եկավ։
Երկու շաբաթ հետո տեղի կունենա Գերմանիայի Գրան պրին։ Հոկենհայմի մրցուղին հաստատ «հարմարեցված» չէ «Ֆերրարիի» կոնֆիգուրացիային՝ արգելակների վրա լարվածությունն այստեղ մեծ է, նշանակում է, Ալոնսոն այստեղ կարող է կորցնել ընդհանուր հաշվարկի առաջատարի դիրքը, եթե առավել պահպանողական մարտավարություն չընտրի եւ ագրեսիվ լինի գրոհելիս։
|