Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 15 » Ֆետելը վերադառնում է, ինտրիգը՝ նրա հետ
18:15
Ֆետելը վերադառնում է, ինտրիգը՝ նրա հետ
Բահրեյնի Մեծ մրցանակը հերթական անգամ փոխեց առաջատարների դասավորությունը: Ավստրալիան առաջ մղեց Ջենսոն Բատոնին, Մալայզիան՝ Ֆերնանդո Ալոնսոյին, Չինաստանը՝ Լյուիս Հեմիլթոնին, որը չհաղթեց Շանհայում, գրավեց միայն երրորդ տեղը, իսկ Սախիրի ավտոմրցուղու արքան աշխարհի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելն էր, որն էլ այսօր անհատական հաշվարկի եւ թիմային Գավաթի առաջատարն է:

Ի՞նչ տեղի ունեցավ Բահրեյնում: Ըստ էության՝ ոչինչ: Ֆետելը մեկնարկեց առաջին տեղից եւ մինչեւ վերջ պահպանեց առավելությունը: Սակայն Սախիրի մրցուղու բոլոր 57 շրջաններին նրան հետապնդում էր աշխարհի նախկին չեմպիոն, «լոտուսցի» Կիմի Ռայկոնենը, որը մեկնարկել էր 11-րդ տեղից: Բահրեյնը իսկական գերեզմանափոր էր «Մաքլարենի» համար: Երկրորդ տեղից մեկնարկած Լյուիս Հեմիլթոնը վերջնագիծը հատեց 8-րդը: 3 պիտ կանգառներից 2-ում նրա բոլիդի հետ առաջացան խնդիրներ, ինչի պատճառով նա բավական ժամանակ կորցրեց: Թիմակից Ջենսոն Բատոնը, 4-րդ տեղից մեկնարկելով, եզրագիծը հատեց 18-րդը: Ավելի ճիշտ, ոչ թե հատեց, այլ 57-րդից երկու շրջան առաջ մտավ պիտ կանգառ ու դուրս չեկավ: 3-րդ պիտ կանգառից հետո նրա բոլիդում ի հայտ եկան անսարքություններ:

Հաջորդ ինտրիգը «շնորհեցին» անվադողերը: Բահրեյնը ինքն իրենով ինտրիգ է: Նախ քաղաքական առումով: Այստեղ իրավիճակը լարված է՝ կղզու բնակչության 75 տոկոսը կազմող շիա մահմեդական մեծամասնությունը պահանջում է իրավունքների ընդլայնում եւ սունի իշխանության հրաժարականը: Այդ իմաստով վտանգված էր նույնիսկ Մեծ մրցանակի խաղարկությունը: Ի վերջո այն տեղի ունեցավ: Մանամայի թագավորությունն ինքն իրենով ինտրիգի է նաեւ բոլիդների համար: Այստեղ շոգ է, անապատային եղանակը, ավազամրրիկները մրցուղին դարձնում են ռիսկային, իսկ անվադողերը արագ են մաշվում 40-50 աստիճան տաքության ասֆալտի վրա:

Ինտրիգ կա հատկապես ավտոարշավորդների համար: Շոգն իր տակտիկան է թելադրում: Միայն Ջենսոն Բատոնը 5 անգամ մտավ պիտ կանգառ, 4-ը՝ արագորեն մաշվող անվադողերը փոխելու համար, մյուսները՝ 3 անգամ: Բայց, դիցուք, Սախիրում 10-րդ տեղը գրաված «մերսեդեսցի» Միխայիլ Շումախերը հայտարարեց, որ 24 բոլիդներից 20-ը խնդիրներ ունեցան անվադողերի հետ: «Անվադողագործները մտածելու բան ունեն, անիվների գործոնը չպետք է վճռորոշ լինի Ֆորմուլա 1-ում»,- լրագրողներին ասաց Շումախերը: Pirelli Motorsport-ի ղեկավար Պոլ Հեմբրին արդարացավ, որ Շումախերին զայրացնում է «իր մրցակիցների հաջողությունը անվադողերի հետ աշխատանքում»: Pirelli-ն Բահրեյն էր բերել Soft (փափուկ) եւ Medium (կոշտ) անվադողերը, որոնցից առաջինը պիտանելիությունը կորցնում էր արդեն 4-5-րդ շրջանից: Սակայն ավտոարշավորդներն ընդհանուր առմամբ «լեզու գտան» անվադողերի հետ վերջին մի քանի շրջանում կտրուկ գցելով արագությունը: Այնուամենայնիվ, Սախիրի գլխավոր ինտրիգը Ֆորմուլա 1-ի նորեկ, «Լոտուսի» ֆրանսիացի արշավորդ Ռոմեն Գրոժանի ելույթն էր, մեկնարկելով 7-րդ տեղից, հենց առաջին շրջադարձին նա մխրճվեց 4-րդ հորիզոնական ու եւս երկու շրջան հետո արդեն 2-րդ տեղում էր շրջանցելով աշխարհի փոխչեմպիոն Մարկ Վեբերին եւ աշխարհի նախկին չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին: Գրոժանը անցյալ տարի Pirelli -ի թեստ-պիլոտն էր եւ հիմնականում այդ անվադողերը փորձարկել էր Բահրեյնում: Ահա ինչու նա առավելագույնս օգտագործեց այդ փորձը:

Բահրեյնի վերջին ինտրիգը տեղի ունեցավ Ֆետելի եզրագիծը հատելուց հետո: Նրա եւ ոչ միայն նրա բոլիդը քամվել էր: Երբ նա ավարտում էր հաղթական 57-րդ շրջանը, մոտենում էր եզրագծին, նրան հրահանգեցին բոլիդը կանգնեցնել պիտ կանգառի ելքի մոտ: Ավելի ուշ նույնը հրահանգեցին Չինաստանի Մեծ մրցանակի հաղթողին՝ գերմանացի Նիկո Ռոսբերգին: 9-րդ տեղը գրաված «Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆիլիպե Մասսան ընդհանրապես չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ իր բոլիդի հետ եզրագիծը հատելուց հետո: Այն պարզապես կանգ առավ:

Հաջորդը Իսպանիայի Մեծ Մրցանակն է: Մինչեւ այդ տեղի կունենան միջմրցաշարային թեստեր, որոնք 2009-ից հետո առաջին անգամ թույլատրել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիան: Թեստերի ընթացքում թիմերը փորձարկելու են իրենց տեխնիկական նորույթները: Ակնկալվում է, որ դրանք կօգնեն ոչ լավագույն մարզավիճակում գտնվող թիմերին գտնելու անհրաժեշտ բալանսը մրցուղու եւ անվադողերի հետ աշխատանքում: «Ֆերրարին» առաջինն է, որ անհամբերությամբ սպասում է թեստերին:

Դիտումներ: 626 | Ավելացրեց: Admin(Mersedes) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:

Մուտքի ձև

Օրացույց

«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2024.