Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակում են Սեբաստիան Ֆետելը եւ Ֆերնանդո Ալոնսոն։ Կիմի Ռայկոնենը հաղթեց Աբու Դաբիում, բայց այդ հաղթանակը նրան այլեւս մասնակից չի դարձնի պայքարին։ Նա առաջնության ավարտից երկու Գրան Պրի առաջ Սեբաստիան Ֆետելից հետ է 57 միավոր։ Գերմանացուն հասնել այլեւս նա չի կարող։ Նույնիսկ եթե Ռայկոնենը հաջորդ երկու Գրան Պրիներում հաղթի, իսկ Ֆետելը դուրս մնա, դա ֆինն ավտոարշավորդին ոչինչ չի տա։ Դրանից կարող է օգտվել միայն Ֆերնանդո Ալոնսոն, որը Սեբաստիանին զիջում է 10 միավոր։
Ստեֆանո Դոմենիկալին արդեն հայտարարել է, որ «Ֆերրարին» մտածում է միայն տիտղոսի մասին։ Ալոնսոն Աբու Դաբիում մեկնարկեց 6-րդ տեղից, սակայն կարողացավ գրավել երկրորդ տեղը, ընդամենը երեք միավոր կորզելով վերջին տեղից մեկնարկած Ֆետելից, որը վերջնագիծը հատեց երրորդը։ Ֆերնանդոն հույս ուներ, որ Աբու Դաբիում կարող է շրջանցել 24-րդ տեղից մեկնարկած Սեբաստիան Ֆետելին, որին ստյուարդները զրկել էին որակավորման մրցումներում գրաված երրորդ տեղից եզրագծում վառելիքատարի մեջ 1 լիտրից պակաս բենզին ունենալու պատճառով։ Ըստ կանոնակարգի` ավտոարշավորդը պարտավոր է ոչ միայն եզրագիծը հատելուց հետո, այլեւ իր պադդոկ (կայանատեղի) հասնել վառելիքատարի մեջ ունենալով 1 լիտր բենզին, որպեսզի ստուգեն նրա որակը։ Ֆետելի մեքենայում եզրագծից հետո 850 միլիլիտր էր եւ ստյուարդները 4 ժամ քննարկելուց հետո որոշեցին չեղյակ համարել Ֆետելի որակավորման արդյունքը։ Դա նրան չխանգարեց, որպեսզի Գրան Պրիի ժամանակ 21 բոլիդ շրջանցի 2 պիտ կանգառով։ Ալոնսոն, ի դեպ, միայն մեկ պիտ կանգառ իրականացրեց։ Իսկ առաջին տեղից մեկնարկած Լյուիս Հեմիլթոնը, որը մյուս տարի հանդես կգա «Մերսեդես» թիմում, 22-րդ շրջանին վառելիքի ճնշման խախտման պատճառով կորցրեց մեքենայի արագությունը եւ դուրս մնաց պայքարից։
Ֆորմուլա 1-ի 2012-ի աշխարհի առաջնությունը հատում է եզրագիծը։ «Ռեդ Բուլի» եւ «Ֆերրարիի» ղեկավարները խուսափում են խոսել չեմպիոն դառնալու հնարավորություններից։ «Ֆերրարիի» մարզական տնօրեն Ստեֆանո Դոմենիկալին ասել է, որ իրենք հավատում են տիտղոսին։ Ալոնսոն Աբու Դաբիի պոդիումի վրա ասես տեսնում էր, թե ինչպես է տիտղոսը հեռանում իրենից. նա չէր սպասում, որ Ֆետելը նույնպես կբարձրանա պոդիում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ իսպանացի ավտոարշավորդը փորձել է վստահեցնել, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսածի: Բայց պետք չէ մոռանալ, որ նա իսպանացի է, որը չի կարողանում թաքցնել հույզերը, ասենք, ի տարբերություն, պոդիումի ամենավերին աստիճանին կանգնած Կիմի Ռայկոնենի, որը դեմքի նույն արտահայտությունն ունի նույնիսկ այն ժամանակ, երբ ընդհանրապես միավոր չի վաստակում։
Սեբաստիան Ֆետելն, ընդհակառակը, փայլում էր Աբու Դաբիի պոդիումի վրա։ Նա զգում է 3-րդ տիտղոսի շունչը։ «Ռեդ Բուլը» երկրորդ շունչն է հավաքել։ «Ֆերրարին» այլեւս չի հասցնում նրա ետեւից եւ Մարանելոյում դա չեն էլ թաքցնում։ Դոմենիկալին առավել աստվածաբանական բառեր է ասում. «Ես հավատում եմ, որ Ալոնսոն կվերցնի տիտղոսը»։ Ի՞նչը սակայն «Ֆերրարիին» այդքան ետ մղեց, երբ դեռ հինգ Գրան Պրի առաջ նա միակն էր, ով մրցաշարում տարել էր երեք հաղթանակ եւ 37 միավորով պոկվել էր երկրորդ տեղում ընթացող Լյուիս Հեմիլթոնից, իսկ Ֆետելն ընդամենը 4-րդն էր։ «Ֆերրարիի» հետ սակայն ոչինչ տեղի չունեցավ։ Ամեն ինչ Գրան Պրի առ Գրան Պրի համեմատաբար լավ էր դասավորվում իտալական թիմի համար։ Ալոնսոն յուրաքանչյուր մրցման ժամանակ բարձրանում էր պոդիում։ Նրանք թերագնահատեցին շարժիչների եւ աերոդինամիկայի հսկային՝ Էդրիան Նյուիին, որը արդեն 4-րդ տարին հրաշքներ է գործում «Ռեդ Բուլի» համար։ Ալոնսոյի դժոխքը սկսվեց դեռ հուլիսի 7-ին Հունգարիայից, որտեղ գրավեց 5-րդ տեղը։ Նա չի հաղթել արդեն ութ Գրան Պրի անընդմեջ։ «Ֆերրարիում» վստահաբար հույսը դրել են ոչ թե Ալոնսոյի հաղթանակների, այլ «Ռեդ Բուլի» մեխանիկական անհաջողությունների վրա. կատակ բան չէ, մեկ Գրան Պրիի ընթացքում երկու անգամ պայքարն սկսել վերջին տեղից եւ բարձրանալ պոդիում։ Այդպիսի բոլիդին դիմացի գերազանցությունն այլեւս ոչնչով խանգարել չի կարող։
14 օրից ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում կմեկնարկի այս տարվա նախավերջին Գրան Պրին։ Օստինը գործող մրցարշավորդներից ոչ մեկին ծանոթ չէ, նույնիսկ Միխայիլ Շումախերը ոչինչ չգիտի այդ մրցուղու մասին։ Այստեղ մեկ անգամ փորձնական շրջան է անցել միայն Ժերոմ դը Ամբրոզիոն 2010 թվականի «Լոտուսի» բոլիդով։ Մեկնաբանություններ չի թողել։ Սեբաստիան Ֆետելն ասել է, որ Օստինում մտադիր է գրոհել բոլոր ուժերով։ Ամենակարեւորը, այստեղ հնարավոր է վազանցել։ Այն մի տեսակ հիբրիդ է Վալենսիայի, Սիլվերսթոունի եւ Սան Պաուլուի մրցուղիների։ Այս տարի դրանցից մեկում հաղթել է Ֆերնանդո Ալոնսոն, մյուսում՝ «ռեդբուլցի» Մարկ Վեբերը։ Վալենսիայում Ֆետելը դուրս է մնացել պայքարից, իսկ Սիլվերսթոունում Ալոնսոն գրավել է երկրորդ տեղը, Ֆետելը՝ երրորդ տեղը։ Այս տրամաբանությամբ չեմպիոնի երկու հավակնորդները վերջին մրցուղի՝ Սան Պաուլու կգնան հավասար միավորներով։
|